Սեռական դաստիարակությունը դպրոցներում՝ որպես առանձին առարկա, ուսանելու տարբերակը, կարծում եմ, ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Սակայն, կարծում եմ, որ դրա հիմքը պետք է դրվի ընտանիքում: Բայց կան մարդիկ՝ ընտանիքներ, ովքեր հետևողականորեն հեռու են պահում իրենց երեխաներին նման թեմաներից: Դա արդեն բխում է տվյալ երկրի ազգային առանձնահատկությունից, կամ էլ՝ տվյալ ընտանիքի դրվածքից:
Համաձայն եմ, որ սեռական դաստիարակության մեջ մտնող թեմանաերը կարող են կրել զուտ անձնական բնույթ, սակայն բազմաթիվ երիտասարդների հուզում են հարցեր, որոնց պատասխանը կարող են ստանալ միայն հասուն մարդկանցից`ծնողներից, հատուկ մասնագետներից նաև՝ ուսուցիչներից: Սակայն մտածելով, որ իրենց սխալ կհասկանան կամ պարզապես կծաղրեն, երիտասարդները, կամ չեն արտահայտվում, կամ էլ` բարձրաձայնում են իրենց տարեկիցների մեջ և պատասխանը գտնում են հատուկ կայքերում, գրքերում, որոնք հաճախ, խեղաթյուրում են նրանց սեռական դաստիարակությունը:
Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ ունենալով սեռական բնույթի խնդիր, ներքին բարդույթների պատճառով պարզապես խուսափում են դիմել մասնագետի օգնությանը: Ուրեմն մի՞թե ճիշտ չի լինի, որ ես և իմ հասակակիցները հենց այս տարիքից հաղթահարենք մեր բարդույթները, ծանոթ լինենք ամեն տեսակի խնդիրների, ինչու չէ նաև կանխարգելենք նման խնդիրների առաջացումը, եթե հետագայում մեր շրջապատում կամ թեկուզ հենց մեզ հետ լինեն նման խնդիրներ, առանց րոպե կորցնելու իմանանք, թե ինչպես է պետք վարվել տվյալ իրավիճակում:
Իսկ այժմ կփորձեմ մի օրինակով ներկայացնել բացասական կողմերը: Պատկերացնենք մասնագետին, ով մտնում է դասարան և սկսում է իր դասը մի բառով, որն, իհարկե այլ իմաստով, տեղ է գտել նաև մեր անձնագրերում, տվյալ դասարանի 50 տոկոսը լսելով այդ բառը, տալիս է ոչ ադեկվատ ռեակցիա և սկսում է դրա շուրջ «ծավալվել» ոչ պատշաճ կերպով:
Սկիզբը միշտ էլ դժվար է լինում, պետք է ուղղակի սկսել գործել: Վստահ եմ, որ դա կտա միայն դրական արդյունք և հասարակությունը դրանից միայն կշահի:
Leave a comment